ՈՉ ՄԻ ՍԱԴՐԱՆՔ ՉԻ ՀԱՍՆԻ ՆՊԱՏԱԿԻՆ


Վերջերս համացանցը ողողված է հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի մասին նյութերով ու նրա «բացառիկ» հարցազրույցներով: Ադրբեջանական քարոզչամեքենան նախագահական ընտրությունների շեմին կրկին ներդրել է բոլոր ուժերը իշխող վարչակազմի մարտունակությունը ցուցադրելու և հակառակորդ պետությանը նվաստացնելու միջոցով ինքնահաստատվելու համար: Այնինչ բոլորս էլ քաջ գիտակցում ենք, թե դրանք ինչ ձևով ձեռք բերված և ինչ նպատակ ունեցող հարցազրույցներ և ինչ խոստովանություններ են: Ադրբեջանը փորձում է ամեն կերպ օգուտ քաղել իր ձեռքն ընկած ռազմագերու անպաշտպան վիճակից: Այդ երկրի ղեկավարությունը ձգտում է քամահրանք առաջացնել Հայաստանի հանրապետության ու մեր զինված ուժերի նկատմամբ` առավելագույնս վարկաբեկելով մեզ համաշխարհային հանրության աչքում: Բայց դա նրանց երբեք չի հաջողվի, քանի որ գործում են խիստ ապաշնորհ, անկարող զսպելու իրենց անմարդկային մղումները` մոռանալով, որ հայն ու Հայաստան պետությունը ամեն ինչ կանեն իրենց` ծանր դրության մեջ ընկած հայրենակցին օգնելու համար: Միևնույն ժամանակ, մենք թույլ չենք տա արհեստական, անգամ չշահագրգռված դիտողին վստահություն չներշնչող «հարցազրույցների» միջոցով ծաղրի ու պարսավանքի ենթարկել մեր հաղթանակած բանակի զինվորներին: Այն դեպքում, երբ հակառակորդը գործում է միայն ճղճիմ մեթոդներով, շարունակ խախտում է հրադադարը, դիպուկահարների միջոցով սպանություններ կատարում, կազմակերպում դիվերսիոն գործողություններ: Նրանք ստանում են ու կստանան իրենց արժանի պատասխանը թե կռվի դաշտում, թե տեղեկատվական պատերազմի շրջանակներում: Ի դեպ, եթե այսքան ցավալի չլիներ այս թեմայով տեսանյութերի գոյությունն ու դիտումը, եթե չմտահոգվեի ոչ գիտակից զանգվածի սխալ ընկալման ու մեկնաբանությունների համար, կառաջարկեի անգամ կիրառել դրանք` որպես ռազմագերիներին ստիպողաբար իրենց քարոզչության համար օգտագործելու ակնհայտ օրինակ և ապացույց:
Ցավով ուզում ենք անդրադառնալ նաև «շփման գծում» հրադադարի ռեժիմի խախտման` օգոստոսի 23-ի առավոտյան տեղի ունեցած հերթական դեպքին ու հայտնել մեր խորը ցավակցությունն ու աջակցությունը տուժողների ընտանիքներին:
     ՊՀՆԴ խմբի անդամները հետևողականորեն հեռացնում են հայ գերեվարված զինծառայողի հարցազրույցները համացանցից, դրանց յուրաքանչյուր դիտումով նրա բազմակի ստորացումը և ադրբեջանական ապատեղեկատվության տարածումը թույլ չտալու համար: Երեկ ուշ երեկոյան եղավ առաջին արդյունքը. (տես այստեղ):
 

0 մեկնաբանություն:

Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks
Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Designed by Sako Mirzakhanyan