«Գինը թանկ է, սակայն տեղեկատվական պատերազմում գումարներ չպետք է խնայել»

texekatvakan paterazm-5
27 Օգոստոս, 2013 15:08    |   Հեղինակ` Անահիտ Սիմոնյան




Պատերազմները լինում են տարբեր տեսակի եւ ասել, թե որն է առավել վտանգավոր՝ սառը, տեղեկատվական, թե ռազմի դաշտում, դժվար է: Ժամանակին ԽՍՀՄ եւ ԱՄՆ-ի միջեւ տեղի ունեցած «սառը պատերազմը» բացի այն, որ ֆինանսական ահռելի միջոցներ խլեց այս պետությունների բյուջեներից, դարձավ ԽՍՀՄ քայքայման պատճառներից մեկը: Ռուս գիտնական Պավել Շարպպն ասել է.«Պատերազմի բորբոքումն ամենամեծ հանցագործությունն է, ինչպես կանխամտածված զանգվածային սպանությունը»: Աշխարհի որոշ պետություններ, չխնայելով մարդկային կյանքեր, բնական ռեսուրսների համար միմյանց դեմ պատերազմում եմ բոլոր հնարավոր միջոցներով: Պատերազմը ռազմի դաշտում կողմերից խլում է ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներ: Ոչ պակաս վտանգավոր են անարյուն, սակայն գուցեեւ պետությունների միջեւ արյունահեղ պատերազմի հիմք հանդիսացող տեղեկատվական պատերազմները:
Մեր տարածաշրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի համար մեծ վտանգ է ներկայացնում երկու երկրների միջեւ ընթացող տեղեկատվական պատերազմը: Բնականաբար հայկական կողմը չի կարող անմասն մնալ եւ պայքարն այս ուղղությամբ տանում է յուրովի:
Ֆեյսբուքյան «Պայքար հակահայկական նյութերի դեմ» խումբն ունի 30000-ից ավել անդամներ:
«Խումբն ունի տեղեկատվական բլոկ, պայքարում է հակահայկական նյութերի եւ խմբերի դեմ, առգրավվում դրանք: Վերջին շրջանում 4 հակահայկական խումբ է առգրավվել, որից մեկը 30000 անդամ է ունեցել, 70-ից ավել նյութեր ջնջվել են յութուբում»,-ասում է խմբի ադմինիստրատոր Աշիկ Հովհաննիսյանը:
Ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի, գլոբալացման ժամանակաշրջանը բերեց նրան, որ տեղեկատվությունն այժմ շատ թանկ արժե: Եթե նախկինում վերջնական հարցերը պատերազմի դաշտում էին լուծվում, պարտվող կողմը պարտվում էր, հաղթողը՝ հաղթում, հիմա այլ է: Որպես օրինակ՝ քաղաքագետը բերում է հարավսլավական պատերազմում Սերբիայի պարտությունը: «20-րդ դարիվերջին Հարավսլավիայում տեղի ունեցած պատերազմում սերբերը հաղթեցին, սակայն ԶԼՄ-ների միջոցով Սերբիայի դեմ տրամադրեցին եվրոպական, ամերիկյան հասարակություններին: Արդյունքն այն եղավ, որ Սերբիան պատերազմում վերջնականապես պարտվեց, դա ձեռնտու էր ԱՄՆ-ի եւ Եվրոպայի խոշորագույն պետություններին, ովքեր ցանկանում էին էլ ավելի թուլացնել Ռուսաստանի դիրքերը Բալկանյան թերակղզում: Ռազմի դաշտում լուծվում է խնդիրների 49 տոկոսը, մնացած 51%-ը՝ տեղեկատվական ոլորտում: Եթե ռազմի դաշտում հաղթանակ տարանք եւ ստիպեցինք ադրբեջանական կողմին 1994 թվականին զինադադարի մասին համաձայնագիր կնքել, ապա տեղեկատվական պատերազմում, կարելի է ասել, պարտություն ենք կրում»:
Ըստ Գ.Համբարյանի, տեղեկատվական պատերազմ վարելու համար անհրաժեշտ են մեծ գումարներ ինտերնետային կայքերի ձեւավորման, աշխարհահռչակ թերթերի էջերի գնման համար, որտեղ պետք է հայամետ եւ արցախամետ հրապարակումներ տպագրվեն, անհրաժեշտ է նաեւ գործունեություն ծավալել հայտնի ամերիկյան եւ եվրոպական լոբբիստական կազմակերպությունների հետ:
«Արտգործնախարարությունը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, նախագահի աշխատակազմի պատասխանատուները, ովքեր զբաղվում են քարոզչությամբ, միջազգային ատյաններում Հայաստանի դիրքերն ամրապնդելով, շատ թույլ են գործում: Դիտել եմ մեր տարբեր արտգործնախարարների հարցազրույցները եւ ուղղակի ապշել, երբ մեկին հարցնում են, թե այսինչ մարդն այսպիսի հայտարարություններ է անում Արցախի խնդրի վերաբերյալ եւ լսում պատասխան՝ «այդ մարդը տեղյակ չէ Արցախի խնդրից, ինքն իրավասու չէ այդ հարցերը քննարկելու, բայց նրանք, ովքեր մեզ պետք են, այդ մասին գիտեն»:
Քաղաքագետի պնդմամբ, այդ պետքական մարդիկ բացահայտ չեն էլ արտահայտում իրենց դիրքորոշումն Արցախի վերաբերյալ, «չպետքական» մարդիկ իրենց ապատեղեկատվության եւ անհիմն մեկնաբանությունների միջոցով կարող են մեծ վնաս հասցնել մեր շահերին, թեկուզ բանակցային գործընթացներում: «Ադրբեջանի մղած տեղեկատվական պատերազի դրվագներից է, երբ իրենց վարձած անձը՝Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն մեր ԱԺ-ում հերյուրանքներ, զրպարտանքներ ուղղեց մեր իշխանություններին: Մոլդովայի օմբուդսմենը գաղտնի էլ չէր պահում իր սերտ, անգամ ինտիմ կապերն ադրբեջանցիների հետ: Ինչպե՞ս եղավ, որ մեր իշխանությունները թույլատրեցին այդ սադրիչ կնոջը Հայաստան ժամանել: Եթե մենք սա թույլ ենք տվել, վաղը, մյուս օրը մեկ ուրիշն էլ կգա, մեզ կմեղադրի Խոջալուի «ցեղասպանության» մեջ: Մեր արտգործնախախարությունը եւ ազգային անվտանգությունը պետք է շատ լավ ուսումնասիրեն այն մարդկանց ցուցակն, ովքեր Հայաստան են ժամանում, իսկ նմաններին չպետք է տրամադրվեն վիզաներ»:
Ադրբեջանում, ըստ քաղաքագետի կա, «սեւ ցուցակ», որի մեջ ընդգրկված է նաեւ Շառլ Ազնավուրը: «Ծիծաղում ենք, որ կա նման ցուցակ եւ շատ հայեր, ովքեր այդ ցուցակում են ընդգրկված, երբեւէ ցանկություն էլ չեն ունեցել գնալու Ադրբեջան, հենց նույն Ազնավուրը»:
Ըստ քաղաքագետի, «սեւ ցուցակն» Ադրբեջանի տեղեկատվական պատերազմի բաղկացուցիչներից է: «Շատերն Ազնավուրին գիտեն որպես աշխարհահռչակ շանսոնյե, իսկ Ադրբեջան պետությանը՝ քչերը գիտեն: Ադրբեջանցիները շատ լավ գիտեն, որ Ազնավուրը երբեւէ չի այցելի Ադրբեջան, սակայն քանի որ Ազնավուրն Ադրբեջանում հայտարարված էpersona non grata, շատ ինտերնետային օգտատերեր համացանցում ման են գալիս, թե ո՞ր երկիրն է, որ արգելում է Ազնավուրի մուտքն իր տարածք: Օգտագործելով ճանաչված, աշխարհահռչակ մարդու անունը, ադրբեջանցիներն աշխարհում իրենց համար ապահովում են ճանաչելիություն»:

Գ.Համբարյանը հավելում է, որ հայկական կողմն էլ աշխատանքներ է տանում ադրբեջանցիների հերյուրանքներին պատասխանելու համար: «Խոջալուի տխրահռչակ դեպքերի վերաբերյալ, երբ ադրբեջանցիները մեզ մեղադրեցին «ցեղասպանության» մեջ, բացվել է կայք, որտեղ, ռազմական գործիչները, պաշտոնյաները, ովքեր անմիջապես առնչվել են այդ դեպքերին, բացատրում են, թե ո՛ր նկարն ադրբեջանցիները ո՛ր կայքից եւ պատերազմի դրվագից են վերցրել, որոնք վերագրում են Խոջալուի դեպքերին, սակայն սա քիչ է եւ xocali.net-ը, www.baku.am-ը պետք է հաճախ գովազդվեն համացանցում: Նույն day.az-ը, vesti.az-ը ահռելի քանակությամբ օգտատերեր ունենալով, անմիջական կապ ունեն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ: Դրանք բազմալեզու են»:
Զրուցակցիս համոզմամբ, առանց պետության, ազգային ավտանգության ծառայության հովանավորության, տեղեկատվական պատերազմ մղելը շատ բարդ է: «Ռուսաստանում բացվել է «Մեծ Կովկաս» կոչվող կայքը՝bigcaucasus.com, որտեղ նյութեր են տպագրվում Հարավային եւ Հյուսիսային Կովկասի՝ բոլոր ոլորտներում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Դուք տեսե՞լ եք, թե ինչ են անում այնտեղ ադրբեջանցիները: Կարդալով մեկնաբանությունները՝ այլազգիները կսկսեն այլ պատկերացում ձեւավորել մեր պատմության, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին: Ադրբեջանցիները շատ ակտիվ են ԱՊՀ տարածքի ինտերնետային կայքերում, ահռելի քանակությամբ վիրավորական, զրպարտիչ մեկնաբանություններ են անում հայերի հասցեին, որոնց պետք է փաստերով պատասխանել»:
Քաղաքագետը նշում է, որ մեր պասիվության պատճառով միջազգային ասպարեզում Հայաստանին վերաբերվող փաստաթղթերում տեղ է գտնել մի շատ վատ բառ՝ «ագրեսոր» անվանումը, իսկ Ադրբեջան կատարած Պուտինի վերջին այցի ժամանակ Իլհամ Ալիեւը զրպարտիչ հայտարարություններ արեց, որ հայերն օկուպացրել են Ադրբեջանի 20% տարածքը, իսկ Ադրբեջանում 1 մլն փախստական կա եւ Հայաստանն «ագրեսոր» պետություն է: «Արցախահայերը 1988 թվականին ԼՂ ինքնավար մարզի 75% են կազմել: Ժողովուրդը, որ մեծամասնություն է կազմում համապատասխան տարածքում, չի կարող այն օկուպացնել, որտեղ նաեւ ինքն է ապրում: Արցախյան պատերազմի վերջում հայերը Թալիշ գյուղից պետք է անցնեին ԼՂ եւ Ադրբեջանի սահմանը, հարձակում սկսեին Եվլաղ եւ Բառդա քաղաքների ուղղությամբ: Հաջողության դեպքում Արեւմտյան Ադրբեջանն ամբողջությամբ կանջատվեր Արեւելյան Ադրբեջանից անցնելով հայերի վերահսկողության տակ: Շնորհիվ ՌԴ նախագահ Բորիս Ելցինի, ում խնդրանքով դիմել էլ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիեւը հայերի կողմից այդ ծրագիրը կասեցվեց: Այդ դեպքերից մի քանի օր առաջ ամբողջությամբ դատարկվել էր Ադրբեջանի երկրորդ մեծության՝ Գանձակ
(Գյանջա)՝ Կիրովաբադ քաղաքը: Ադրբեջանն այսպիսով պահպանվեց ու այսօր տեղեկատվական պատերազմ է մղում հայերի դեմ, չնայած այն բանին, որ 1993 թվականին ադրբեջանական իշխանություններն ի դեմս նախագահի պաշտոնակատար Հ.Ալիեւի, ճանաչել են ԼՂ-ն, որպես դե յուրե եւ դե ֆակտո գործող սուբյեկտ», սակայն այսօր էլ Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ է մղում հայերի դեմ»:
Վերջում քաղաքագետը հավելեց.«Պետք է միշտ հիշենք Ադոլֆ Հիտլերի մտերիմ ընկերներից մեկի՝ Ֆաշիստական Գերմանիայի պրոպագանդային նախարար Ժոզեֆ Գեբելսի արտահայտությունը՝ «շատ ասած սուտը վերջում ճիշտ է դառնում»:
Այս արտահայտությունը չի կորցրել իր արդիականությունը: Ադրբեջանցիները մեզ «օկուպանտ» են ներկայացնում, մենք հիմար տեսք ընդունելով՝ չենք արձագանքում: Բայց մոռանում ենք՝ տարբեր երկրների հասարակությունների մոտ տեղեկատվությունն է կարծիք ստեղծում, իսկ մեր արտգործնախարարությունը, ջուրը բերանն առած, նստած է»:

Աղբյուրը <<Asparez>> ժուռնալիստների ակումբ
հեղինակ` Անահիտ Սիմոնյան

0 մեկնաբանություն:

Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks
Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Designed by Sako Mirzakhanyan