«ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՍՏԱՆՈՒՄ ԵՆՔ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԲԱԶՄԱԹԻՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ»

Հղումը՝ Իրավունք Թերթ - Լուրեր
Երեքշաբթի, 27 Օգոստոս 2013 20:14

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններում ամենաձեռնտուն կլինի, որ գործող նախագահ Իլհամ Ալիեւը հաղթի, քաղաքական մի շարք գործիչներ նույնկերպ արձագանքեցին: Իսկ թե արդյոք համամիտ է այս մտքի հետ Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած` «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ, «Իրավունքը» պարզեց նրանից.
-ՀՀ նախագահի ասածը պետք չէ ուղղակիորեն հասկանալ: Այդ հայտարարությունն ունի խորքային իմաստ, նա ոչ թե ցանկանում է, որ Ալիեւը վերընտրվի, այլ ճիշտ հակառակը: Քանի որ արդեն երկար տարիներ է Ադրբեջանում տարվում է հակահայկական, հակահայաստանյան քարոզչություն, ավելի մեծ հարված Իլհամ Ալիեւի վարկանիշին, քան ՀՀ նախագահի սատարումն է, լինել չի կարող:  Իրականում, իհարկե, ՀՀ նախագահը դրանով ուզում էր Ադրբեջանի ժողովրդին ՙմեսիջ՚ ուղարկել` ասելով, որ Իլհամ Ալիեւը ամենաանցանկալի տարբերակն է, որովհետեւ այդ մարդը բերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման ու Ադրբեջանը տանում կործանման ճանապարհով: Մենք չպետք է մոռանանք, որ օրերս Նախիջեւանի սահմանում հակառակորդի դիպուկահարից հրազենային վնասվածք էին ստացել երկու զինվոր, որից մեկը մահացավ, կոպիտ ասած, սա Իլհամ Ալիեւի պատասխանն էր Սերժ Սարգսյանին, որպեսզի իր ժողովրդի առաջ արդարանա, թե այդպես չէ, Հայաստանը իրեն չի պաշտպանում: Հենց դրա համար էլ կազմակերպեց հայ զինվորների սպանությունը Նախիջեւանի սահմանում: Իսկ իրականում չպետք է մոռանանք, որ ղարաբաղյան հակամարտությունից տուժում է հայ ժողովուրդն ու Ադրբեջանի բազմազգ ժողովուրդը, որը միայն ադրբեջանցիներ ու թուրքեր չեն: Երբ սպանվում է հայ զինվոր եւ հակառակ կողմից էլ հայկական կողմը պատժիչ գործողություններ է իրականացնում ու մի քանի անգամ ավելի ադրբեջանական զինվորներ են սպանվում, այստեղ պետք է նկատենք, որ Ադրբեջանի հանցավոր ռեժիմը Հայաստանի եւ Արցախի սահմանին պահում է ոչ թե ծագումով ադրբեջանցի, թուրք զինվորների, այլ Ադրբեջանի ազգային փոքրամասնություն կոչվող բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների: Սրանով Իլհամ Ալիեւը ազգային փոքրամասնությունների ցեղասպանություն է ուզում իրականացնել հայերի ձեռքով:
- Պարոն Այվազյան, Ձեր թեկնածության հաստատման ու Ադրբեջան մեկնելու հարցը այժմ ի՞նչ փուլում է գտնվում:
- Շուտով դրա հետ կապված մենք փաստաթղթերով կամ, ավելի ճիշտ, գուցե ավիատոմսով կհանդիպենք լրագրողների հետ եւ կներկայացնենք մանրամասն, թե ինչ եղավ ու ինչ չեղավ, կամ մեկնում ենք, թե` ոչ: Սրա վերաբերյալ խոսելը դեռ շուտ է, գալիք մի քանի օրերի ընթացքում այդ հարցը կհստակեցվի ու կհրավիրենք վերջին հրաժեշտի հանդիպումը Երեւանում` ներկայացնելով վերջին զարգացումները: Առայժմ կարող եմ ասել, որ այդ հարցը վերջնական լուծում չի գտել, բայց լիահույս ենք եւ հույս ունենալու իրավունք ունենք, չնայած Ադրբեջանից ստանում ենք ամենալուրջ մակարդակով բազմաթիվ սպառնալիքներ:
հեղինակ՝
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

0 մեկնաբանություն:

Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks
Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Designed by Sako Mirzakhanyan