Թուրքերի եւ ադրբեջանցիների դեմ պետք է կռվել իրենց իսկ զենքով



Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ մղվող տեղեկատվական պատերազմն արդյունք է այս պետությունների միջեւ ձեւավորված թշնամական հարաբերությունների: Բնականաբար, Հայաստանը չի կարող անմասն մնալ դրանից եւ չպայքարել դրա դեմ, քանի որ, հակառակ պարագայում, հանդես կգա պարտվողի դերում:
Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մղվող տեղեկատվական պատերազմի պատճառը Արցախյան հիմնախնդիրը, Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը որպես Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարային հարց դարձնելն է: Հակահայկական նյութեր տարածելը հենց տեղեկատվական, քարոզչական պայքար է: Այն ոչ պակաս վտանգավոր է՝  սպառազինությունների մրցավազքից:  Պատմությունից հայտնի է, որ ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ տեղի ունեցած սպառազինությունների մրցավազքի, ԽՍՀՄ-ի դեմ մղվող տեղեկատվական պատերազմի արդյունքում կործանվեց  Խորհրդային Միությունը:
Եթե պետությունը թույլ է, նրա դեմ իրականացվող հակաքարոզչության արդյունքում մարդկանց մտածելակերպն ու աշխարհայացքը կարող է արագ փոխվել, ինչն էլ երկրի ներսում երկպառակությունների պատճառ կդառնա, այն դարձնելով խոցելի եւ անպաշտպան:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղեկատվական պատերազմից բացի առկա է սպառազինությունների մրցավազք ռազմական ոլորտում: Վերջին դեպքում Հայաստանը պարտվողի դերում է, քանի որ Ադրբեջանի ռազմական բյուջեն մի քանի անգամ գերազանցում է ՀՀ ռազմական բյուջեից: ՀՀ իշխանությունները նաեւ բավարար տեխնիկական եւ ֆինանսական միջոցներ չեն ներդրում նույն կերպ պատասխանելու ադրբեջանցիներին: Մինչդեռ, որոշ դեպքերում, ադրբեջանական հակերները ջարդում են հայկական պետական կայքերը:
2011 թվականի հոկտեմբերին ստեղծվեց  «Պայքար հակահայկական նյութերի դեմ» ֆեյսբուքյան խումբը: Խմբի հիմնադիրը Գոռ Գեւորգյանն է: Ըստ խմբի ադմինիստրատոր Աշիկ Հովհաննիսյանի,  մինչ այդ, Խորեն Խոռխոռունու նախաձեռնությամբ, բացվել էր «Մենք դեմ ենք թուրքերի եւ ադրբեջանցիների վանդալիզմին» ֆեյսբուքյան խումբը, բայց Պայքարի խումբն ավելի կարեւորվեց, որն ունի 11698 անդամ: Խմբին հենց առաջին օրն արդեն 700 հոգի էր անդամագրվել:
Խումբը բավականին ակտիվ է: Անդամները  համացանցում փնտրում են հակահայկական նյութեր, որոնք ապատեղեկատվություն են պարունակում հայ ժողովրդի պատմության, մշակույթի,  մասին:
-Օրինակ, երբ ադրբեջանցիները կամ թուրքերը՝ աղավաղելով պատմությունը, հայկական մշակույթի ինչ-որ նմուշներ իրենց են վերագրում, խմբի անդամներն իրենց դժգոհությունն են արտահայտում, եւ տվյալ նյութը հանվում է համացանցից: Յութուբում մենք շատ ենք հանդիպում Արցախյան պատերազմի, Սումգայիթի, Հայոց ցեղասպանության  դեպքերի հետ կապված աղավաղումների եւ աշխատում ենք հեռացնել նման տեսանյութերը,-ասում է զրուցակիցս:
Զրուցակիցս նշում է, որ մի անգամ  համացանցում տեղադրվել էր Morg Ermenistan` «Հայաստանի դիահերձարանը» վերնագրով նյութ: Այստեղ նկարագրվում էր, թե ինչպես են հայկական դիահերձարաններում դիահերձում մարդկանց: Այդ տեսարանները կարող էին ազդել թույլ նյարդեր ունեցողների վրա, ուստի իրենց խմբից  550 մարդ բողոքարկեց եւ այդ նյութը 18 ժամվա մեջ հեռացվեց համացանցից:
-Համացանցում տեղադրված նյութերի մեջ  մի օրինաչափություն կա: Հաճախ վերնագրերը նյութի բովանդակությանը չեն համապատասխանում: Ասենք, Հայաստան վերնագրով նյութն իրականում կարող է  հայերի հանդեպ ատելություն քարոզող բնույթի լինել, սակայն վերնագրից չկռահելով, որ այն  այդպիսին է, սկսում ես փնտրել այլ նյութեր: Ուստի, կարեւոր է ոչ միայն նյութի վերնագրին, այլեւ բովանդակությանը ուշադրություն դարձնել,-նշում է զրուցակիցս:
Ըստ Ա.Հովհաննիսյանի,  իրենք ոչ միայն հակահայկական նյութերն են հեռացնում համացանցից, այլեւ բողոքներ ուղարկում տվյալ օգտատիրոջ կայքին: Եղել են դեպքեր, երբ իրենց բողոքների արդյունքում ոչ միան նյութերը, այլեւ դրանք պարունակող կայքերն են ամբողջովին ջնջվել:
-Շատ վատ է, որ ֆեյսբուքում հակահայկական նյութերի բողոքարկումը ֆեյսբուքը հաշվի չի առնում, ինչի պատճառով այնտեղ տեղադրված նյութը դժվար է ջնջել: Մեր խումբը ունի 3 ճակատ: Առաջինը զբաղված է Յութուբի, երկրորդը՝ ֆեյսբուքի հակահայկական նյութերի դեմ պայքարով: Երրորդ խումբը  հակահայկական  նույնատիպ նյութերը դարձնում է հակաադրբեջանական եւ տեղադրում համացանցում. այսինքն, թուրքերի եւ ադրբեջանցիների դեմ կռվում իրենց զենքով,-ասում է Ա.Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով, հայերի հանդեպ ատելություն քարոզող մեծ խմբեր են հայտնաբերել  եւ սկսել մաքրել դրանցում պարունակվող նյութերը, սակայն ադրբեջանական հակերների դեմ  չեն կարող պայքարել, քանի որ չունեն համապատասխան տեխնիկա, ժամանակ եւ վայր: Դրա համար ֆինանսավորում է պետք, իսկ պետական մակարդակով, որպես այդպիսին, չկա:
Ա.Հովհաննիսյանը նշում է, որ, ֆեյսբուքում   հակահայկական նյութերի դեմ պայքարող այլ խմբեր եւս կան, որոնցից մեկը վերջերս է ստեղծվել եւ իրենց համագործակցության առաջարկ  արել:


0 մեկնաբանություն:

Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks
Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Designed by Sako Mirzakhanyan